slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են զենքի քրեագիտական հետազոտությանը նվիրված 12-րդ միջազգային համաժողովին

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-16-ը տեսակապի միջոցով մասնակցել են զենքի քրեագիտական հետազոտությանը նվիրված 12-րդ միջազգային համաժողովին: Սարատովի Ն.Գ. Չեռնիշևսկու անվան պետական համալսարանի կազմակերպած գիտաժողովին մասնակցում էին դատափորձագիտական ոլորտի հեղինակավոր մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հունգարիայից, Իսրայելից, ԱՄԷ-ից և այլ երկրներից։
Գիտաժողովի շրջանակներում մասնակիցներն անդրադարձել են ձգաբանական փորձաքննությունների իրականացման ընթացքում փորձագետի և քննիչի փոխգործակցությանը, զենքի, զինամթերքի և դրանց հետքերի քրեագիտական հետազոտության արդի խնդիրներին, այդ թվում՝ ժամանակակից տեխնիկա-ծրագրային համալիրների վերլուծությանը, արձակված փամփուշտների վրա մնացած հետքերի պատկերների պարզմանը նեյրոնային ցանցերի միջոցով, դատաձգաբանական փորձաքննություններում արհեստական բանականության կիրառմանը և այլ արդիական թեմաների: 
Համաժողովի շրջանակներում զեկույցով է հանդես եկել նաև տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը՝ ներկայացնելով տուժողի մարմնին և հագուստին առկա կրակային վնասվածքների առաջացման մեխանիզմի առանձնահատկությունների քրեաբանական նկարագիրը: Զեկույցում անդրադարձ է կատարվել Փորձաքննությունների ազգային բյուրոյում կատարված ձգաբանական փորձաքննությունների արդյունքների վերլուծության հիման վրա մշակված մեթոդներին:
Բյուրոյի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել կրակային զենքի կիրառման հետ կապված դեպքերի վերաբերյալ ամբողջական և լրիվ տեղեկատվություն ստանալու կարևորությանը՝ առաջին հերթին կրակոցի ուղղությունն ու հեռավորությունը սահմանելուն, ինչպես նաև տուժողի դիրքը կրակոցի պահին եզրակացնելուն՝ տուժողի մարմնի և հագուստի վնասվածքների բնույթը պարզելու միջոցով։ 
Այս և նմանօրինակ այլ հարցերի պարզման համատեքստում չափազանց կարևոր է դատաձգաբանական փորձաքննությունների ոլորտում իրականացվող նոր մեթոդների և մեթոդիկաների կիրառումը՝ փորձաքննությունների որակի բարձրացման և գիտականորեն հիմնավորված, հավաստի արդյունքների ստացման առումով:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

20 October 2025